Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների գների ֆենոմենալ «կայունությունը» (աղյուսակ)

27.10.2015
Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների գների ֆենոմենալ «կայունությունը» (աղյուսակ)

Արդեն երկար ժամանակ է՝ մայրաքաղաքային բնակտարածքի պաշտոնական գներում գործնականում բացակայում է դինամիկան: Այսպես,  2013-ի ապրիլից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական համայնքում   1 քառակուսի մետր բնակտարածքի գինն ուղիղ  428 հազար դրամ է: Այս ժամանակահատվածում առավելագույն թանկացում («քառակուսին» 5,8 հազար դրամով) արձանագրվել է քաղաքից մեկուսացած  փոքրիկ Նուբարաշենի տարածքում:  

Այդ ընթացքում ԱՄՆ-ի դոլարը Հայաստանում արժեւորվել է ավելի քան  15%-ով: Դրա արդյունքում բնակարանների «քառակուսու» գինն այդ տարադրամով զգալիորեն նվազել է (տես ներքոբերյալ աղյուսակը): Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի, այդ թվում նաեւ բնակարանների առք ու վաճառքի գործարքների զգալի մասն իրականացվում է հենց դոլարով  (չնայած փաստաթղթերում ձեւակերպվում է դրամով): Այդ մասին են վկայում համացանցում բնակարանների վաճառքի մասին բազմաթիվ հայտարարությունները: 

Ի՞նչ գներ են առկա այդ նույն «հեղինակավոր» Կենտրոն թաղամասում: Կայքերում հաճախ հանդիպում են բնակարանների վաճառքի մասին հայտարարություններ, որտեղ շարքային քաղաքացիների համար ֆանտաստիկ գներ են նշված:  Օրինակ՝   400 հազար դոլար: Խոսքը ոչ թե մրգատու այգով երկհարկանի առանձնատան մասին է, այլ բարձրահարկ շենքում «ամենասովորական» բնակարանի, բայց՝ ավելի քան երկու հարյուր քառակուսի մետր բնակմակերեսով:   Դրա համար էլ «քառակուսու» գինն արդեն այնքան էլ «ֆանտաստիկ» չի թվում՝ 1538 դոլար: Այնուամենայնիվ, պաշտոնական գնից ավելի քան 1,7 անգամ բարձր է: Բայց  չէ՞ որ հանդիպում են քառակուսի մետրը ավելի քան 2 հազար դոլար արժեցող բնակարաններ:

Կա նաեւ ընդունելի գին ունեցող բնակտարածք: Ասենք՝ փոքրիկ մի բնակարան  (23 քառակուսի մետր մակերեսով) առաջին հարկում, հեռավոր խորհրդային տարիներին կառուցված, որը հնարավոր է որպես գրասենյակ օգտագործել:  «Քառակուսու» գինը 935  դոլար է, ինչն իհարկե պաշտոնական գնից բարձր է: 

Կենտրոն վարչական տարածքի եզրին գտնվող բնակարանները նկատելիորեն ավելի էժան են, քան փոքր կենտրոնում: Պատահում է նույնիսկ, որ  1 քառակուսի մետրի արժեքն այնտեղ հավասարվի միջին պաշտոնական գնին:  Ենթադրենք, թե դա համապատասխանում է իրականությանը: Ստացվում է, որ Կենտրոն տարածքում վաճառվում են միայն  «ծայրամասային» բնակարանները, այն էլ՝ ամենաէժանները: