Տոսկանայում Վաճառվում Է Դա Վինչիի Մասնակցությամբ Կառուցված Ամրոց

29.07.2015
Տոսկանայում Վաճառվում Է Դա Վինչիի Մասնակցությամբ Կառուցված Ամրոց

Իտալական «Լիոնարդ Էլիտար Գույք» (Lionard Luxury Estate) անշարժ գույքի գործակալությունը վաճառքի է հանել ամրոց, որի շինարարության ժամանակ իր մեծ ավանդն է ներդրել Վերածննդի դարաշրջանի գյուտարար և ճարտարապետ Լեոնարդո դա Վինչին: Վաճառվող անշարժ գույքը բաղկացած է ամրոցից, այգուց և Տիրենեյան ծովին նայող 4 հարկանի շինությունից: Կալվածքը գտնվում է իտալական Տոսկանա արվարձանի Լիվորնո շրջանում ժայռի գագաթին: 

Ինչպես տեղեկացնում է «Լիոնարդ» անշարժ գույքի գործակալության պաշտոնական կայքը, ամրոցի հիմնական մասը կառուցվել է 15-րդ դարում անանուն ճարտարապետի կողմից: Այնուհետև 1502 թվականին Լեոնարդո դա Վինչին ժամանել է ամրոց: Նա հրավիրվել էր որպես ռազմական ճարտարագետ, որպեսզի նա նախագծի և կառուցի առանձնատունը շրջապատող պարիսպները: Նախագծային աշխատանքների ընթացքում գյուտարարն ապրել է այն շենքում, որն այսօր վաճառվում է ամրոցի և այգու հետ միասին: 

Ներքին կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է 773 քառակուսի մետր: Ի դեպ, Կենտրոնական Իտալիայում նմանատիպ կառույցը համարվում է մեծահարուստ ընտանիքին բնորոշ անշարժ գույք: Առաջին հարկում գտնվում են հյուրասենյակը, ճաշասենյակը, 3 սանհանգույց, հանդերձասրահ, մառան և լոգարան: Երկրորդ հարկում տեղակայված են 5 ննջարան յուրաքանչյուրը սեփական լոգարանով: Վերնահարկը ավանդապես օգտագործվում է ծառայողական անձնակազմի կողմից: Այստեղ են գտնվում ծառայողների համար նախատեսված ճաշասենյակ, ննջարան և լոգարան: 

2 ստորին հարկերում տեղակայված են բաց պատշգամբներ, որոնցից տեսարան է բացվում դեպի ծովը և պարսիպները: Տունն ամբողջությամբ կառուցված է քարից և աղյուսից, հատակը թրծած կավից է, իսկ քիվերը՝ պղնձից: Նշենք, որ առանձնատան հարևանությամբ գտնվում է նաև սեփական ավտոտնակ: 

19-րդ դարասկզբին առանձնատանը բնակվել է Նապոլեոնի քույր Էլիզա Բոնապարտը: Նա կառույցն օգտագործել է որպես Պյեմոնտի իր կալվածքների կառավարման պաշտոնական նստավայր: 

Ըստ նախնական տվյալների՝ յուրօրինակ կալվածքի ստույգ արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն նախատեսվում է որ այն կվաճառվի 5.6 - 11.2 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: