Հայաստանում որտեղ կարելի է 600 դոլարով բնակարան գնել

06.04.2015
Հայաստանում որտեղ կարելի է 600 դոլարով բնակարան գնել

Հայաստանի մայրաքաղաք Երեւանից 236 կմ հեռավորությամբ գտնվող Դաստակերտ քաղաքն ինքնատիպ է: Այստեղ 343 բնակիչ կա, որը զիջում է նույնիսկ գյուղերին, չխոսենք արդեն «իսկական» քաղաքների մասին: Այնպես որ՝ Դաստակերտն ավելի շուտ քաղաքային ավան է: Քաղաքը գտնվում է Զանգեզուրում, Այրի լեռան ստորոտին՝ համանուն գետի հարեւանությամբ, գեղատեսիլ վայրում: Դրանով, սակայն, «քաղաքի» հրապույրն ավարտվում է:

Դաստակերտի բնակարանային ֆոնդը կազմում են 8 անդրջրհեղեղյան շրջանի շենքերը՝ անհուսալիորեն քայքայված ճակատամասերով: Այդ տներում 84 անբարեկարգ բնակարաններ կան, միջինը՝ 35.5 քառակուսի մետր մակերեսով: Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը գերազանցում է 63 քառակուսի մետրը: Բացի «բազմաբնակարան» շենքերից, Դաստակերտում նաեւ 38 «առանձնատուն» կա:

Մեկ քառակուսի մետրի պաշտոնական միջին շուկայական գինը 8 հազար դրամ է, «առանձնատներինը»՝ 11.600 դրամ: Այսպիսով, Դաստակերտում բնակարանի միջին գինը… 280 հազար դրամ է (շուրջ 600 դոլար): Նման գնով Երեւանում կարելի է 1 քառակուսի մետր գնել, այն էլ՝ ծայրամասում:

Սակայն Դաստակերտում բնակարանների գինն աբստրակտ բնույթ ունի: Ո՞ւմ է բնակարան պետք Աստծո կողմից մոռացված այդ վայրում: «Քաղաքում» նույնիսկ միջքաղաքային տրանսպորտ չկա, էլ չասենք քաղաքակրթության այլ բարիքների մասին (ասենք՝ գազաֆիկացման): Բնակիչների հույսը մի քանի թեթեւ մարտադար մեքենաներն են, որոնց վերջերս ավելացել է նաեւ խարխլված մի «ԳԱԶել»: Ֆիքսված հեռախոսակապ այստեղ նույնպես չկա, արտաքին աշխարհի հետ կապը պահում են միայն բջջային կապի միջոցով:

Ժամանակին Դաստակերտում պղնձա-մոլիբդենային կոմբինատ կար, ինչպես նաեւ բժշկական տեխնիկայի գործարան: Վերջինն աշխատատեղով էր ապահովում շուրջ 350 դաստակերտցիների: 1990-ականների վերջերին գործարանի տեխնիկան դուրս բերեցին, եւ զբաղվածության խնդիրը փակվեց: Այժմ լավատեսները հույս ունեն, որ կոմբինատի աշխատանքը կվերականգնվի, իսկ հոռետեսները մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու: