Ինչպե՞ս են իրականացվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

22.01.2021
Ինչպե՞ս են իրականացվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Ինչպե՞ս են իրականացվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

-Սահմանագծումն իրականացվում է հաստատված հողաշինարարական և այլ իրավական փաստաթղթերով։ Այն արտացոլվում է տեղագրական քարտեզների վրա, ինչն էլ համարվում է սահմանագծման կարևորագույն բաղկացուցիչ մասը։

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա այն տեղանքում նշահարման աշխատանքների իրականացում է, որը կատարվում է սահմանագծման աշխատանքների արդյունքում ստացված համապատասխան նյութերի հիման վրա։ Բնության մեջ սահմանազատման աշխատանքները՝ նշահարումը, հնարավոր է իրականացնել տարբեր գեոդեզիական սարքավորումներով և տարբեր եղանակներով, սակայն, անկախ աշխատանքների իրականացման եղանակից և օգտագործվող սարքավորումից, նշահարվող կետերի տեղադիրքը բնության մեջ չի կարող փոփոխվել, եթե ելակետային տվյալները ճշգրիտ են, այսինքն՝ սահմանագծումն իրականացվել է ճիշտ տեղագրական քարտեզի կամ հատակագծի վրա։

✅Քարտեզագրման ժամանակ արդյո՞ք օգտագործվում են օնլայն քարտեզները, օրինակ՝ Google-ը։

-Քարտեզագրական աշխատանքների ժամանակ առհասարակ չեն օգտագործվում առցանց քարտեզներ։ Google միջավայրը հանդիսանում է բազմաշերտ տեղեկատվական համակարգ, որում արտացոլված են արբանյակային պատկերները, ճանապարhների սխեմատիկ տեղադիրքերը և անվանումները, շենքերի եռաչափ պատկերները, տեսարժան վայրերի լուսանկարները և այլն, սակայն այն երբեք չի կարող օգտագործվել որպես մասնագիտական քարտեզագրական նյութ։

Այդ միջավայրում առկա արբանյակային պատկերները մասամբ աղավաղված են, որը արդյունք է ռելիեֆի անհարթությունների ոչ ճիշտ մշակման, ինչպես նաև տեղադիրքի շեղման։ Google միջավայրում միևնույն տեղանքի տարբեր տարիների պատկերներ ունեն տարբեր տեղադիրքեր։

Քարտեզագրության ժամանակ հիմնականում օգտագործվում են օրթոֆոտոհատակագծեր, որոնք ստացվում են թռչող սարքերից իրականացված լուսանկարների մշակման արդյունքում։ Օրթոֆոտոհատակագծերը ունեն ճշգրիտ կոորդինատային համակարգ, և նկարում արտացոլված ցանկացած կետի կոորդինատ համապատասխանում է բնության մեջ այդ կետի իրական տեղադիրքին։

Առհասարակ, ինչ վերաբերում է քարտեզագրական աշխատանքների ժամանակ օգտագործվող նյութերին, դրանք պետք է լինեն պետական քարտեզագրական ֆոնդում ներառված, այն է՝ պետական, խտացման և բարձունքային ցանցերի կետեր, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներ և հատակագծեր, օդահանույթային և տիեզերահանույթային նյութեր, քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ տվյալներ։

✅Քարտեզագրման գործում ի՞նչ դեր ունի GPS-ը։

-GPS-ը արբանյակային տեղորոշման համակարգ է, որը հանդիսանում է քարտեզագրական աշխատանքների իրականացման միջոց, ինչպես որ էլեկտրոնային տախեոմետրերը, լազերային հեռաչափերը, թեոդոլիտները և այլն։ Կախված գեոդոզիական աշխատանքների բնույթից, մեթոդներից և տեղանքի առանձնահատկություններից՝ կարող են օգտագործվել տարբեր գեոդեզիական սարքավորումներ։ Սովորաբար բարձր ճշտությամբ գեոդեզիական աշխատանքներ կատարելու ժամանակ կիրառվում են էլեկտրոնային տախեոմետրեր, իսկ GPS արբանյակային տեղորոշման համակարգի կիրառման դեպքում աշխատանքները կատարվում են ստատիկ չափագրման եղանակով, այսինքն՝ GPS-ը արբանյակային ընդունիչ է, որը կետի դիրքի որոշման նպատակով անշարժ ամրացվում է մինչև 20 վայրկյան, որից հետո ապահովվում է 1-4սմ պլանային և 2-8 սմ բարձունքային ճշտություն։ GPS-ի միջոցով հնարավոր է շատ արագ և ճշգրիտ որոշել իրադրության բնորոշ կետերի դիրքերը և վերջիններս տեղափոխել քարտեզագրական նյութի վրա, ինչպես նաև կատարել հակառակ գործողությունը՝ քարտեզագրական նյութի վրայից իրադրության ցանկացած կետի կոորդինատը տեղափոխել բնության մեջ ընդունված կոորդինատային համակարգ։

✅Ինչպե՞ս ենք ստանում այս կամ այն կետի կոորդինատը, ինչպի՞սի կոորդինատային համակարգով։

-2009 թվականի ընթացքում` ՀՀ կառավարության կողմից որպես գերակա խնդիր հաստատված «ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ» միջոցառումների իրականացման շրջանակներում կատարվել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի գեոդեզիական կետերի վերահաշվարկման և տեղագրական ու կադաստրային քարտեզների WGS-84 (ARMREF-02) կոորդինատային համակարգ տեղափոխման աշխատանքներ, որի արդյունքում ստեղծված տեղագրական և կադաստրային քարտեզները հասանելի են դարձել օգտագործողների լայն շրջանակների համար և կարող են տրամադրվել ըստ անհրաժեշտության:

Ինչ վերաբերում է բնության մեջ գտնվող կետի կոորդինատը ստանալուն, ապա այն կարելի է որոշել ընդունված ցանկացած կոորդինատային համակարգում և հակառակը։ Եթե ունենք կետերի կոորդինատներ որևէ կոորդինատային համակարգում, ապա հեշտությամբ հնարավոր է որոշել այդ կետի դիրքը բնության մեջ։ Ժամանակակից գեոդեզիական սարքավորումները թույլ են տալիս ցանկացած կոորդինատային համակարգում իրականացնել քարտեզագրման և նշահարման աշխատանքներ։ Կետերի կոորդինատների անցումը մեկ կոորդինատային համակարգից մյուսին իրականացվում է համապատասխան անցումային պարամետրերի միջոցով՝ թույլատրելի ճշտությամբ։

Կետի կոորդինատի որոշումը բարձր ճշտությամբ հնարավոր է իրականացնել թե՛ արբանյակային դիրքորոշման կայանների՝ GPS-ի միջոցով, և թե՛ այլ գեոդեզիական սարքավորումների միջոցով՝ տեղակապելով հայտնի պետական գեոդեզիական ցանցի կետերի հետ։ Երկու դեպքում էլ որոշվող կետի կոորդինատները միմյանցից կարող են տարբերվել շատ աննշան։

 

Աղբյուրը՝
cadastre.am