Նախնական տվյալներով Երևանի կրկեսը կբացվի 2018 թվականի աշնանը

12.12.2017
 Նախնական տվյալներով Երևանի կրկեսը կբացվի 2018 թվականի աշնանը

«Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն, ինչի շնորհիվ հայ հանդիսատեսն արհեստավարժ հայ դերասանների մատուցմամբ բազմաթիվ ինքնատիպ ակրոբատիկ հնարքների ականատեսը կդառնա», - ասում է Սոս Պետրոսյանը:

Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար: Բացումից հետո այդպիսի ներկայացումներ հաճախակի են ցուցադրվելու:

«Ներկայացումների տոմսերը շատ թանկ չեն լինի,հնարավոր է՝ 2000 դրամից էլ քիչ: Մասնավոր ընկերության ներդրումների շնորհիվ կրկեսի ծախսերը չենք հոգալու տոմսերի վաճառքից գոյացած գումարով», - ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ բերվելու են նաև հեղինակավոր այլ կրկեսային ծրագրեր, որոնց տոմսը մինչև մի քանի հարյուր դոլար արժե: Բնականաբար մեր հանդիսատեսը չի կարող այդքան վճարել, և հովանավորի շնորհիվ նա կկարողանա, ստանդարտ գին վճարելով, դիտել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող միջազգային դերասանների համարներ», - ասում է Պետրոսյանը:

Կրկեսն ապագայում նախատեսում է նոր կենդանիներ ձեռք բերել, սակայն նաև պայմանագրեր են կնքվելու կենդանիներ վարժեցնողների հետ, որոնք կներառեն իրենց համարները Երևանի կրկեսի ներկայացումներում:

Կրկեսի դերասանը «մարդավարի» կաշխատի

«Հին շենքն ընդամենը մեկ սանհանգույց ուներ: Ենգիբարյանը (ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյան - խմբ.) և մեր կրկեսի այլ մեծեր ժամանակին զուգարանի հերթ էին կանգում: Հիմա վերջապես մեծ սանհանգույց է լինելու, ինչպես նաև առանձին զգեստների, կոշիկների, կեղծամների բաժիններ, մարդավարի աշխատելու ենք»,- ասում է Պետրոսյանը:

Նոր շենքը մրցում է աշխարհի ամենաարդիական կրկեսների շենքերի հետ

Պաստառների փոխարեն, շենքի արտաքին և ներքին հատվածներում տեղադրվելու են մեծ մոնիտորներ, որոնք կազդարարեն սպասվող ներկայացումների մասին: Շենքն ունի գերժամանակակից անվտանգության և օդափոխության համակարգեր: «Նախկինի պես հանդիսատեսը ստիպված չի լինի ձմռանը շենքի ներսում 10 աստիճան ցրտին վերարկուներով ներկայացում դիտել», - ասում է Սոս Պետրոսյանը և հպարտությամբ նշում, որ Երևանի կրկեսը միակն է լինելու աշխարհում, որ երկհարկանի ավտոկայանատեղի է ունենալու: Հատուկ տեղ է նախատեսվում նաև կրկեսի կենդանիների համար:

Կրկեսում թանգարան է գործելու

«Գեղեցիկ թանգարան է գործելու կրկեսի շենքում՝ նվիրված համաշխարհային և հայկական կրկեսի պատմությանը, գործիչներին: Այնտեղ ցուցադրվելու են կրկեսային թեմատիկայով գեղանկարներ, քանդակներ, իսկ ինտերակտիվ անկյունում ցուցադադրվելու են ֆիլմեր հայկական կրկեսի և նրա մեծանուն դերասանների մասին», - ասում է Պետրոսյանը և հավելում, որ մանուկ հանդիսատեսը ոչ միայն կզվարճանա նոր կրկեսում, այլ նաև կկրթվի:

Անշարժ գույքը Հայաստանում

Նյութի աղբյուր՝ panarmenian.net