Քննարկվել է Երևանում «Հայկական գյուղ» թաղամասի ծրագիրը

09.10.2017
Քննարկվել է Երևանում «Հայկական գյուղ» թաղամասի ծրագիրը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին:

Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա և այլ ենթակառուցվածքներ:

Վարչապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:

                  Ճիշտ ժամանակն է ձեռք բերելու սեփական անշարժ գույքը                    

Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղը» լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները: «Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և իր լայն ենթկառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ: Ակնկալվում է թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփել նոյեմբերի սկզբին:

Ակնկալվում է, որ թաղամասը կկառուցվի «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնին հարող տարածքներում։ 

Տե՛ս նաև՝ Ավստրիական ընկերությունը կարող է մասնակցել Երևանում նոր ճոպանուղու կառուցմանը