Ասիայի չորս մեգապոլիսներ գլխավորել են ամենաթանկ բնակարաններով քաղաքների համաշխարհային վարկանիշային ցանկը:

20.01.2017
Ասիայի չորս մեգապոլիսներ գլխավորել են ամենաթանկ բնակարաններով քաղաքների համաշխարհային վարկանիշային ցանկը:

Ասիայի չորս քաղաքներում բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունները շատ քիչ են. Հոնքոնգում, Մումբայում, Պեկինում և Շանհայում միջին եկամուտներով  տնտեսություններին պետք է ավելի քան 30 տարի խնայել 90 ք.մ. տարածքով բնակարան ձեռք բերելու համար:

Ամենաանհասանելի բնակարաններով քաղաքների հնգյակը եզրափակել է Լոնդոնը, որտեղ բնակարանների գները չնայած Brexit-ին շարունակում են աճել:

Ամենաթանկ բնակարաններով քաղաքների տասնյակի մեջ են ներառվել նաև Տոկիոն, Սինգապուրը, Փարիզը, Նյու-Յորքը, և Սեուլը: Այդ շարքին հետևում են Դելին, Սիդնեյը, Օքլենդը և Մելբուրնը:

Oxford Economics-ի տնտեսագետները կանխատեսում են, որ հետագայում, Ասիայում բնակարանների գներն ավելի զսպված կլինեն և հնարավոր է նաև, որ նվազեն:

Չնայած նրան, որ առանձին ասիական երկրներ փորձում են սառեցնել եռացող շուկաները, այնուամենայնիվ, տոկոսադրույքների փոփոխությունը ազդում է գների և  հիփոթեքային վարկերի հասանելիության վրա: Մասնավորապես ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը կարող է ներդրողներին հետ բերել ԱՄՆ, որը և կազդի Ասիայի անշարժ գույքի գների վրա:

Oxford Economics-ի փորձագետները ուշադրություն են հրավիրում վարձակալության եկամուտների ցածր մակարդակի վրա այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մումբայը, Շանհայը, Պեկինը, ինչպես նաև Դելին: Փորձագետների կարծիքով դա վկայում է այդ քաղաքներում բնակարանների ձեռքբերման բարձր գների մասին, ի տարբերություն՝ Տոկիոյի, Նյու-Յորքի, Սեուլի և Սիդնեյի: