Ենոքավանը դառնում է էքստրեմալ զբոսաշրջային գոտի

14.12.2016
Ենոքավանը դառնում է էքստրեմալ զբոսաշրջային գոտի

 

Ենոքավան գյուղը գտնվում է Տավուշի մարզում, Երևանից 145 կմ հեռավորության վրա և ունի 400-500 բնակիչ: Մինչև 1931 թ. գյուղը կոչվել է Քրդեվան: Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931 թ. գյուղն անվանակոչվել է Ենոքավան: Պարզվում է, որ վերջին տարիներին այս վայրը սկսել է տուրիստական ակտիվ վայրի վերածվել, ուր գալիս են աշխարհի տարբեր երկրներից էքստրեմալ և արկածային տուրիզմով զբաղվելու, հատկապես քայլարշավներ իրականացնելու, ձիարշավից օգտվելու, լեռնային հեծանվավազք իրականացնելու, պարապլանից օգտվելու նպատակով: Ենոքավանին հարակից է Լաստիվերի հայտնի քարանձավ ջրվեժը, որը տարիներ ի վեր համարվել է բնության և արշավների սիրահարների նախընտրելի զբոսաշրջային գրավիչ ուղղություն:

Ինչքանո՞վ են այս գյուղում զարգանում ենթակառուցվածքները և ի՞նչ են առաջարկում զբոսաշրջիկին: Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Yell extreme park»-ի հիմնադիր, «Ապագա տուրի»(«Ապագա ռեզորթի») հիմնադիր ղեկավար Տիգրան Չիբուխչյանի հետ:

-Ինչպիսի՞ նախադրյալներ կան Ենոքավանում տուրիզմի զարգացման համար:

- Ենոքավան այսօր գալիս են տարբեր երկրներից: Վերջին 4-5 տարվա ընթացքում համայնքում կատարվել են ներդրումներ, կառուցվել է հյուրանոցային տնտեսություն, բարեկարգվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, և այսօր Ենոքավանն առաջարկում է տուրիզմի գրեթե բոլոր տեսակները: Դեպի այս վայր տանող ճանապարհը բավական գեղեցիկ է և գրավում է հատկապես էքստրեմալ տուրիստներին: Արշավի մասնակիցն ականատես է լինում անապատ-քարանձավին, գեղեցիկ արագահոս գետին, փոքր և մեծ ջրվեժներին, անտառին և գեղեցիկ բնությանը:

- Իսկ ո՞րն էր «Ապագա տուր» ընկերության ստեղծման հիմնական նպատակը, և որքանով կարողացաք մեծացնել համայնքի տնտեսական հնարավորությունները:

- «Ապագա տուրի» ստեղծման հիմնական նպատակն ուղղակի գյուղում աշխուժություն մտցնելն էր և տնտեսական ներուժի օգտագործումը: Հիմքում դրված էր հենց սոցիալական բաղադրիչը: Արդյունքներից հասկացանք, որ համայնքը կարող ենք զբոսաշրջային առումով գրավիչ դարձնել՝ զարգացնելով տուրիստական ենթակառուցվածքները: 12 տարի առաջ ընտանեկան բիզնեսի շնորհիվ հնարավոր եղավ տուրիստական հոսքերի հաշվին ավելացնել գյուղի բնակչության թիվը և տնտեսապես զարգացնել համայնքը: Այն, որ գյուղաբնակն այսօր ունի ապագա՝ անհերքելի է: Ժամանց, արկած, գիշերակաց, սնունդ. այս բաղադրիչները միասին այսօր լիովին ապահովված են գյուղում:

- Կոնկրետ էքստրեմալ տուրիզմի համար ի՞նչ է այսօր Ենոքավանն առաջարկում զբոսաշրջիկներին:

- Այժմ էքստրեմալ տուրիզմի համար այստեղ կա ստեղծված 5 զիփ լայն, պարանե զբոսայգի, ճոճանակ, որն ամենամեծն է Հայաստանում, 6 մետր երկարությամբ: Նախատեսվում է առաջիկայում ստեղծել զիփ լայնի ամենաերկար գիծն աշխարհում` 3,2 կմ, որը կանցնի Ենոքավանի միջով: Այստեղ իրականացվում են նաև ավտոարշավներ, կազմակերպվում են ժայռամագլցման տուրեր և պարապլանով թռիչքներ: Տարեկան ավելի քան 12 հազար զբոսաշրջիկ է զիփ լայնով թռիչք կատարում, որոնց մեծ մասը երիտասարդ աղջիկներ են: Ապագայում կցանկանայինք նաև գյուղում ճոպանուղի կառուցել, որի գործարկումը, բացի զբոսաշրջային նշանակությունից, նաև կլուծի գյուղից գյուղ տեղաշարժվելու խնդիրը:

- Տարեկան մոտավորապես քանի՞ զբոսաշրջիկ է Ենոքավան գալիս. հիմնականում կանա՞յք են, թե տղամարդիկ:

- 2008-ից առ այսօր գյուղում զբոսաշրջային այցելությունների թիվը տարեցտարի աճում է: Գրեթե ամեն տարի աճը ՝20-25 տոկոս է կազմում: Միայն նախորդ տարի շուրջ 45-48 հազար զբոսաշրջիկ է գյուղ ժամանել, այս տարի մինչև 50-53 հազար զբոսաշրջիկ ենք կանխատեսում: Հիմնական հոսքը Ռուսաստանից է, շուրջ 30 տոկոսը՝ այլ երկրներից: «Ապագա ռեզորթը» համայնքում գործող հիմնական հյուրանոցային տնտեսությունն է, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2006-2007 թթ.: Նախորդ տարվանից համայնքում կառուցվում է ևս մեկ հյուրանոց, ի դեպ, արդեն ֆրանսիական կողմի ներդրմամբ: Իմիջիայլոց, միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտ պայմանները ևս ապահովված են բարեկամ Ֆրանսիայի աջակցությամբ: Ենոքավանն արդեն աղբահանության մեքենա ունի: Բացի այդ, Ենոքավան այցելող յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովված է. համայնքի բնակիչների մի մասը վերապատրաստվել է որպես փրկարար: