Նոր ծրագիր. կֆինանսավորի արեւային ջրատաքացուցիչների ներդրումը ցածր եկամուտներով ընտանիքների համար

02.08.2016
Նոր ծրագիր. կֆինանսավորի արեւային ջրատաքացուցիչների ներդրումը ցածր եկամուտներով ընտանիքների համար

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀ Արմենիա) հիմնադրամն ու «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը նախօրեին կնքել են փոխառության պայմանագիր` ֆինանսավորելու արեւային ջրատաքացուցիչների եւ արեւային վահանակների ներդրումը ցածր եկամուտներով ընտանիքների համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են վարկային կազմակերպությունում, երկկողմ ծրագրի նպատակն է ցուցադրել արեւային սարքավորումների կենցաղային օգտագործման առավելությունները եւ նպաստել դրանց օգտագործմանը:

«ՀՖՀ Արմենիա հիմնադրամը կարեւորում է այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ստեղծումը ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ հատկապես էներգիայի սակագնի անընդհատ աճի պայմաններում: Արեւային էներգիայի կիրառումը թույլ կտա ընտանիքներին նվազեցնել իրենց կոմունալ վճարները»,- նշել է ՀՖՀ Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը ներկայում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված տների եւ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը եւ արեւային էներգիայի կիրառմանը:

 «Վերջին տարիներին գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման պայմաններում վատթարանում են բնակչության կենցաղային պայմանները: Սա, միանշանակ, նպաստում է երկրից բնակչության արտագաղթի տեմպերի շարունակական աճին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց զուգահեռ ընկերությունը նախաձեռնել է բնակչության կոմունալ ծախսերի նվազեցմանն ուղղված նոր վարկային ծրագրի՝ Արեւային ջրատաքացուցիչների ֆինանսավորման ծրագրի իրականացումը»,- ասել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Նա ընդգծել է, որ ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով ընկերության աշխատակիցներն անցել են համապատասխան մասնագիտական վերապատրաստում:

Ընկերությունում նշել են, որ արեւային սարքավորումների օգտագործումը համարվում է շահավետ մասնավորապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Այն թույլ է տալիս տնային տնտեսություններին ունենալ մատչելի ջրատաքացման համակարգ տարվա մեծ մասի համար, որը կախված չէ ներմուծված եւ թանկ էներգիայի աղբյուրների հետ:

Կողմերը շեշտել են, որ արեւային էներգիայի օգտագործման ծախսերը, մասնավորապես՝ այս դեպքում, ավելի շուտ են հետ վերադարձվում, քան մյուս այլընտրանքային աղբյուրների դեպքում:

«Հաշվի առնելով էներգիայի թանկ սակագները՝ արեւային ջրատաքացուցիչ վահանակներն ունեն բոլոր նախադրյալները եւ ներուժը՝ դառնալու վերականգնվող էներգիայի առաջնահերթ այլընտրանքը Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար»,- ընդգծել են «Գլոբալ Կրեդիտ»-ում: