«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց ևս 452 բնակարան

29.06.2016
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց ևս 452 բնակարան

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այսօր  շահագործման հանձնվեց ևս 452 բնակարան:

Բնակարանների նորամուտի բացման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Համալիրում հավաքված նորաբնակները ազգային երգ ու պարով դիմավորեցին ՀՀ Նախագահին:  Համալիր շենքի բացման կարմիր թելը կտրեցին նրա փոքրիկ բնակիչներից երկուսը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը   լրագրողների  հետ զրույցում ասաց, որ Երևանի Ավան վարչական շրջանում կառուցված համալիրն ամենամեծն է մինչ այժմ կառուցված շենքային համալիրներից:

Հարցին, թե ովքե՞ր են բնակարանների շահառուները՝ Քարամյանն ասաց, որ բնակվելու են այստեղ մանկավարժներ, դասախոսներ, բանկային ոլորտի, ՏՏ ոլորտի աշխատակիցներ և երիտասարդ այլ մասնագետներ:

Քարամյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի ավարտից մինչ օրս՝ 2007, 2008, 2011 և 2016թթ-ին բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը փոփոխության չի ենթարկվել. այն կազմում է 560 դոլարին համարժեք դրամ:

Քարամյանի խոսքով՝ հաշվի առնելով որոշ դիմողների խնդրանքները՝ բարձրացվել է նաև տարիքային շեմը, և հանրագումարային տարիքը սահմանվել է 70 տարին: Բացի այդ նա հայտնեց, որ 2018թ-ի մարտ ապրիլ ամիսներին իրենք ամփոփելու են ծրագիրը։

Ըստ այդմ էլ՝ ընդհանուր համագումարով 2600 բնակարան հանձնվել է  շահագործման, այսինքն՝ 2600 երիտասարդ ընտանիք 10 տարվա ընթացում այս ծրագրի շրջանակներում դարձել է բնակարանատեր: