Հայաստանի տնտեսական աճը առաջիկա երեք տարիներին 3 տոկոսից պակաս կլինի. ՀԲ

09.06.2016
Հայաստանի տնտեսական աճը առաջիկա երեք տարիներին 3 տոկոսից պակաս կլինի. ՀԲ

Առաջիկա երեք տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3 տոկոսը: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ համաշխարհային տնտեսության հեռանկարներն ամփոփող զեկույցում:

Ըստ այդմ, 2016-ին ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կկազմի 1.9 տոկոս: 2017-ին եւ 2018-ին տնտեսական աճի տեմպերը Հայաստանում փոքր-ինչ կարագանան, մասնավորապես, 2017-ին այն կկազմի 2.8 տոկոս, իսկ 2018-ին` 2.9 տոկոս:

Զեկույցի համաձայն, այս տարին Ադրբեջանի համար վատագույնը կլինի վերջին 20 տարիների ընթացքում․ երկիրը տարին կփակի 1.9 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2017-ին, ՀԲ-ի փորձագետների կանխատեսմամբ, Ադրբեջանում մեկ տոկոսից էլ պակաս աճ կարձանագրվի:

Ինչ վերաբերում է Վրաստանին, 2016-ին Վրաստանը կունենա 3 տոկոս աճ, 2017-ին՝ 4․5, իսկ 2018-ին՝ 5 տոկոս աճ:

Բանկի կանխատեսմամբ՝ նավթի գինը երկարաժամկետ կտրվածքով շարունակելու է ցածր մակարդակի վրա գտնվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ էներգակիրներով հարուստ մյուս հետխորհրդային պետությունները` Ռուսաստանն ու Ղազախստանը, «կրկին բախվելու են ֆինանսական խնդիրների, կուտակած պահուստները շարունակելու են նվազել, իսկ արտարժույթի փոխարժեքը լուրջ շուկայական ճնշման է ենթարկվելու»: