Գուատապե. աշխարհի ամենագունեղ քաղաքը
11.01.2017
Կոլումբիայում գտնվող Գուատապեն, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենագունեղ քաղաքն է. այստեղ ամեն ինչ` շենքերի պատեր, պատուհաններ, աստիճաններ, տանիքներ ու դռներ, ներկված են պայծառ ու հյութեղ գույներով, իսկ փողոցները թարմացվում են վարպետորեն արված որմնապատկերներով:
Ինչպես նշում է My modern met-ը, լուսանկարիչ Ջեսիքա Դևնանին ճանապարհորդել է Կոլումբիայով և անմահացրել իր այցելած գեղեցկագույն վայրերը` իհարկե բաց չթողնելով Գուատապեն իր հրաշագեղ երանգներով, սալաքարով պատված փողոցներով և հետաքրքիր տեսարաններով:
Ջեսիքան պատմել է, որ քաղաքը հայտնի է նաև Էլ-Պենյոն-դե-Գուատապե ժայռով, որը, գտնվելով ծովի մակարդակից 2,100 մետր բարձրության վրա, համարվում է աշխարհի խոշորագույն քարը: Ժայռը մագլցածները պարգևատրվում են հիասքանչ տեսարանով, որը նույնպես տեղ է գտել լուսանկարչի աշխատանքներում: