Սերժ Սարգսյանի շնորհավորանքը. Այսօր ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին

09.05.2015
Սերժ Սարգսյանի շնորհավորանքը. Այսօր ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:

Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը:

Ե՛վ առաջին գծում, եւ՛ պարտիզանական ջոկատներում, եւ՛ ընդհատակում, եւ՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում: Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաեւ մեր հայրենիքը` Հայաստանը:

Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական եւ լայն հնարավորություններ:

Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Խաղաղություն աշխարհին եւ խաղաղություն մեր երկրին: