Ուշագրավ փաստեր` խոշոր հարկատուների ցանկից Read more at: http://168.am/2015/05/05/487939.html Copyright © c.bavota

07.05.2015
Ուշագրավ փաստեր` խոշոր հարկատուների ցանկից  Read more at: http://168.am/2015/05/05/487939.html Copyright © c.bavota

Եվ այսպես, ՀՀ ֆինանսների նախարարությունը  հրապարակել է 2015 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Միանգամից նշենք, որ 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը միասին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, նվազել են 2 միլիարդ դրամով կամ 1.3%-ով։ Ընդ որում, ցանկի ուսումնասիրությունից մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում` որքան փոքր են ընկերությունները, այնքան ավելի շատ են նվազեցրել իրենց վճարած հարկերը։ Այսպես, առաջին 10 խոշոր հարկատուներն այս տարի մասին վճարել են 43.6 միլիարդ դրամ` նախորդ տարվա 42 միլիարդի դիմաց։ Այսինքն` գերխոշոր հարկատուները ոչ միայն չեն նվազեցրել, այլև ավելացրել են հարկերի չափը։ Առաջին 50 հարկատուների վճարած հարկերն ավելացել են 3.7%-ով, առաջին 100 հարկատուներինը` 1.5%-ով։ Իսկ առաջին 300 խոշոր հարկատուների մուծած հարկերի չափը նվազել է 0.4%-ով և կազմել շուրջ 125 միլիարդ դրամ։ Հարկերի վրա հիմնվելով` ասել, թե սա նշանակում է, որ գերխոշոր հարկատուների գործերը համեմատության մեջ ավելի լավ են եղել, քան համեմատաբար փոքրերինը, ճիշտ չի լինի։ Ամենալավ օրինակը, թերևս, Հայաստանի էլեկտրական ցանցերն են։ Որքան էլ զարմանալի լինի, խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերը (2014-ի առաջին եռամսյակում գտնվում էր 8-րդ հորիզոնականում)։Ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 4.6 միլիարդ դրամի հարկեր, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծած հարկերը։ Արդյունքում, ՀԷՑ-ը հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականում։ Սակայն բոլորին է հայտնի, թե ինչ ֆինանսական դժվարությունների մեջ է սնանկացման եզրին հայտնված այս ընկերությունը։ Հարկերի աճը պայմանավորված է, թերևս, նրանով, որ ընկերությունը կատարել է պետբյուջեի նկատմամբ կուտակած պարտավորությունները։ Ճիշտ նույն կերպ կոլապսի ենթարկված «Արմավիան» նախորդ տարի մի պահ հայտնվեց խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում, հետո անհայտացավ ընդհանրապես։ Խոշոր հարկատուների ցանկից երևում է նաև մեկ այլ փաստ, որն արտացոլում է առկա տնտեսական դժվարությունները։ Բանն այն է, որ 2015 թվականի առաջին եռամսյակում հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալն ավելացել է 2.9 միլիարդ դրամով, իսկ մաքսային մարմինների հավաքած հարկերը նվազել են շուրջ 5 միլիարդ դրամով կամ 9.5%-ով։ Առանձին ընկերությունների հարկային ցուցանիշների ուսումնասիրությունը, սակայն, ավելի հետաքրքիր իրողություններ է թաքցնում։ Գերխոշոր հարկատուների ցանկը լուրջ վայրիվերումների է ենթարկվել։ Կան ընկերություններ, որոնք նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում էին, սակայն այժմ զգալիորեն նահանջել են։ Օրինակ, գազային ոլորտում գործող «Տրանսգազ» ընկերությունը 2014թ. առաջին եռամսյակում զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնականը` 1 մլրդ 827 միլիոն դրամ հարկերով։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե է վճարել 18.6%-ով ավելի քիչ հարկ և նահանջել 12-րդ հորիզոնական։ Ավելի զգալի է բջջային կապի երեք օպերատորներից «Օրանժ Արմենիայի» նահանջը։ Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` 41.6%-ով կրճատել է հարկերը (1 միլիարդ 475.6 միլիոն դրամից` մինչև 861.9 միլիոն դրամ) և 10-րդ հորիզոնականից նահանջել 30-րդը։ Ըստ երևույթին, համարների տեղափոխման ծառայությունն այս օպերատորին ի վնաս է աշխատել։ Փոխարենը` կան ընկերություններ, որոնք իսկական թռիչք են ապրել։ ՀԷՑ-ի մասին արդեն նշեցինք` 8-րդ տեղից բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Հարկերի չափն ավելացրել է նաև Հայկական ատոմակայանը` որը նախորդ տարվա առաջին եռամսյակի 1 մլրդ 243.5 մլն դրամի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել շուրջ 2 միլիարդ դրամ և 15-րդ հորիզոնականից բարձրացել 8-րդ հորիզոնականը։ Տպավորիչ է նաև շինարարական ոլորտում գործող իտալական «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը, որին պատկանում են նաև երևանյան Golden Tulip Yerevan և Congress հյուրանոցները։ Այս ընկերությունը 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց։ Արդյունքում` «Ռենկոն» խոշոր հարկատուների ցանկում 45-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ հորիզոնականը։ Ինչի՞ շնորհիվ է «Ռենկոն» եռապատկել հարկերը։ Որքանով մեզ է հայտնի, վերջին 1 տարվա ընթացքում այս ընկերությունը խոշոր նախագծեր չի իրականացրել։ Ընդ որում, այս աճը գրանցվել է անուղղակի հարկերի (ԱԱՀ) հաշվին։ Ուղղակի հարկերի ծավալն աճել է ընդամենը 29.6 միլիոն դրամով (կամ 9%-ով) և կազմել 356.9 միլիոն դրամ։ Իսկ անուղղակի հարկերն աճել են 1 միլիարդ 129.76 միլիոն դրամով կամ ավելի քան 5 անգամ` կազմելով 1 միլիարդ 404.56 միլիոն դրամ։ Ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով չզբաղվող ընկերության դեպքում ԱԱՀ-ի նման թռիչքը կարող է վկայել միայն մեկ բանի մասին. ընկերությունն ինչ-որ բան է վաճառել, որի գնի մեջ էլ մտած է եղել այս հարկի գումարը։ Ու այս համատեքստում բավականին ուշագրավ են դիտվում այն տեղեկությունները, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանում է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Հիշնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե «երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին»։ Հաշվի առնելով հարկային տվյալները` կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը (թեպետ ընկերության պաշտոնական կայքում դեռ այն նշվում է` որպես «Ռենկոյի» սեփականություն)։ Ընդ որում, հաշվի առնելով Վ. Սողոմոնյանի խոսքերը` կարելի է եզրակացնել, որ հյուրանոցը վաճառվել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Եվ վերջապես, հաշվի առնելով «Ռենկոյի» մուծած հարկերի աճը, կարելի է անգամ մոտավոր հաշվել, թե ինչ գնով է վաճառվել հյուրանոցը։ Քանի որ «Ռենկոչի» վճարած ԱԱՀ-ն աճել էր 1.1 միլիարդ դրամով, ապա ըստ տրամաբանության, հյուրանոցի վաճառքի գինը (ըստ փաստաթղթի, ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է շուրջ 6.6 միլիարդ դրամ կամ շուրջ 13.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Սակայն շեշտենք, որ սրանք ընդամենը ենթադրություններ են` հիմնված հարկային տվյալների վրա։ Հնարավոր է` հյուրանոցը չի վաճառվել, կամ` Քոչարյանին չի վաճառվել։ Դրա համար ընդամենը ենթադրում ենք, թե որքան կարող էր այն արժենալ, եթե նախկին նախագահի որդին այն ձեռք բերեր։ Վերադառնալով խոշոր հարկատուների ցանկին, նշենք, որ զարմանալի թռիչք են ունեցել նաև ծխախոտի ներմուծմամբ զբաղվող երկու ընկերություններ։ «Ավերս» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հարկեր` նախորդ տարվա 80.9 միլիոն դրամի դիմաց, և 322-րդ հորիզոնականից բարձրացել 14-րդը։ Նշենք, որ «Ավերսը» Հայաստան է ներմուծում Davidoff, West, Brilliant, Karelia և Ome սիգարետները։ Իսկ JTI Armenia ընկերությունը է՛լ ավելի տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ընկերությունը, որը զբաղվում է Winston, Camel, Sobraine, LD և այլ սիգարետների ներմուծմամբ, 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել ավելի քան 1.6 միլիարդ դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 11-րդ հորիզոնականը։ Սա` այն դեպքում, երբ 2014 թվականի առաջին եռամսյակում այս ընկերությունն ընդհանրապես տեղ չէր գտել խոշոր հարկատուների ցանկում։ Խոշոր հարկատուների ցանկում առկա են այլ հետաքրքիր փաստեր, որոնց կանդրառնանք առաջիկայում։