Հողատարածք Ֆրանսիայում՝ Ընդամենը 1 Եվրո Քառակուսի Մետրի Դիմաց

05.05.2015
Հողատարածք Ֆրանսիայում՝ Ընդամենը 1 Եվրո Քառակուսի Մետրի Դիմաց

Ֆրանսիայի Կալվադոս (Calvados) շրջանում գտնվող Շան-դյու-Բուլ (Champ-du-Boult) գյուղի գյուղապետը գնորդներին առաջարկում է հողատարածք 1 քառակուսի մետրն ընդամենը 1 եվրո գումարով: Միակ պայմանն այդ հողում տուն կառուցելն ու մշտական բնակություն հաստատելն է; 

Վաճառքի են հանվել 1000 քառակուսի մետր մակերեսով ընդամենը 4 հողակտոր, գրում է The Telegraph պարբերականը: Այսպիսի նախաձեռնությունը գյուղապետ Պատրիկ Մադելնը (Patrick Madeleine) բացատրել է պետական ֆինանսավորման նվազմամբ: Բանն այն է, որ նա ստիպված է գյուղի կարիքները հոգալու համար հավելյալ միջոցներ հայթայթել: 

Ավելի վաղ 2007 թվականին այդ հողակտորները վաճառվում էին քառակուսի մետրը 12 եվրոյով, սակայն գնորդներ այդպես էլ չգտնվեցին: Ի դեպ, պարբերականների կողմից հարցված մասնագետնրի կարծիքով, 1 քառակուսի մետր բնակելի տարածքի շինարարությունը կկազմի մոտ 1300 եվրո: 

Նոր առաջարկությունն ուժի մեջ է նախորդ շաբաթից, և գյուղապետի հավաստմամբ արդեն հարյուրավոր դիմումներ է ընդունվել: Հողատարածքի գնման պարագայում գնորդի քաղաքացիությունը նշանակություն չունի, սակայն նախապատվությունը կտրվի երեխաներով ընտանիքներին: 

Շան-դյու-Բուլ գյուղի բնակչությունը կազմում է 388 մարդ, որոնց մեկ քառորդը բրիտանացիներ են: Այս գյուղը գտնվում է Նորմադիայի հեռակա գեղատեսիլ շրջանում: Ամենամոտ գնացքի կայարանը գտնվում է Վիր (Vire) քաղաքում գյուղից 11 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ամենամոտ օդանավակայանը Սեն-Մալո քաղաքում է՝ մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա: 

Գյուղից զբոսաշրջության կենտրոն՝ Մոն-սեն-Միշել (Mont-Saint-Michel) կղզի հասնելու համար անհրաժեշտ է 45 րոպե: Ի դեպ, այս կղզին նեռաված է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ժառանգության ցանկում և գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: