Փետրվար. Երեւանում բնակարանների գների «ճակատում» ամեն ինչ անփոփոխ է (գրաֆիկ)

04.04.2015
Փետրվար. Երեւանում բնակարանների գների «ճակատում» ամեն ինչ անփոփոխ է (գրաֆիկ)

Բնակարանային գների դինամիկայի մասին պաշտոնական տվյալները միայն պայմանականորեն կարելի է «դինամիկա» կոչել: Օրինակ՝ Երեւանի Կենտրոն համայնքում բնակարանների 1 քառակուսի մետրի «միջին շուկայական գինը» 2103 թվականի ապրիլին «կայուն» է եղել՝ 428 հազար դրամի սահմաններում: Երկրի տնտեսությունում այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, բնակչության շրջանում աճել է արտագաղթը (ինչի արդյունքում էլ մեծացել է անշարժ գույքի առաջարկը), դրամական փոխանցումների թիվը կրճատվել է, եւ այլն, եւ այլն… Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, չի արձագանքել այս գործոններին:

Փետրվարին պաշտոնական գներում ամենամեծ աճն արձանագրել է մայրաքաղաքի Էրեբունի համայնքը. տարեկան կտրվածքով՝ 1.25 հազար դրամ: Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում գները չեն փոխվել, անկում է գրանցվել Քանաքեռ-Զեյթունում. տարեկան կտրվածքով՝ 0.1 հազար դրամ:

Դրամն ԱՄՆ դոլարով փոխարինելու դեպքում պատկերն այլ է: Երեւանի վարչական բոլոր շրջաններում, առանց բացառության, գները նվազել են: Բնականաբար, այդ անկումը զուտ մեխանիկական բնույթ է կրում՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդման հաշվին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գների մասին պաշտոնական տեղեկատվությունը չի արտացոլում հանրապետության բնակարանային շուկայի վիճակի եւ զարգացման միտումների իրական պատկերը:

Համեմատության համար ներկայացնենք անշարժ գույքի գործակալությունների բազմաթիվ հայտարարություններից պատահականության սկզբունքով ընտրված բնակարանների գները: Եվ այսպես, մեկ քառակուսի մետրի արժեքը Կենտրոն համայնքում տատանվել է 1.15 հազար դոլարից մինչեւ 3.1 հազար: Միաժամանակ, այդ համայնքում բնակարանների պաշտոնական արժեքը տատանվել է 895 դոլարի սահմաններում՝ 1 քառակուսի մետրի դիմաց: