Հին ու նոր Կասկադի հմայքը
24.09.2021
Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ-ին։ Աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների համակարգը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Կասկադի հմայքն ապահովում են հայտնի «Կատվի հուշարձանը» , «Սրընթաց Եղնիկներն» ու իրեն լրիվ տանը զգացող «Մերկ կինը», որն իր գիրությամբ լցնում է տարածքը։
2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին:
Բարեկարգումից հետո Կասկադի ներսում 260 հոգու համար պետք է կինոթատրոն գործեր, սակայն այդ ծրագիրը մնաց անավարտ: Հետագայում մրցույթ հայտարարվեց` Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար: Այս ծրագիրը ղեկավարում էր երիտասարդ ճարտարապետ Դեյվիդ Հաթսոնը:
Մրցույթի արդյունքում ընտրվեցին 3 նախագծեր, սակայն դրանցից ոչ մեկը պարոն Գաֆեսճյանին դուր չեկավ: Հետագայում թանգարանի մի նախագիծ մշակեց հենց Դեյվիդ Հաթսոնը:
Կասկադի աստիճանների թիվը 572 է, հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։
Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը՝ այսպես կոչված «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:
Հետաքրքիր փաստ Հին Կասկադի մասին
Հին Կասկադն ունեցել է ջրվեժի խճանկար, որ գտնվելէ Կասկադի համալիրի տեղում՝ մինչև համալիրի կառուցումը: Հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Դերենիկ Դանիելյանն է։
Խճանկարը տեղադրված է եղել ներկայիս Կասկադի համալիրի առաջին հարթակի տեղում գտնված ջրվեժի դիմաց: Խճանկարում պատկերված են եղել ջրից վեր ցատկող ձկներ՝ տարբեր գույների: Խճանկարը պատրաստված է եղել ջնարակապատ ձեռագործ սալերից:
Ցավոք, 1980-ականներին Կասկադի խճանկարն ապամոնտաժվեց։ Խճանկարի պատկերը պահպանվել է միայն լուսանկարներում, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում:
Աղբյուրը՝
iammedia.am