Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ ՏՏ կազմակերպությունների համար համալիր կկառուցվի

10.11.2018
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ ՏՏ կազմակերպությունների համար համալիր կկառուցվի

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծ է մշակվել: «Դալան թեքնոլոջիս» խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է նախագիծը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Տեր-Տաճատյանը խոսել է այն մասին, որ Հայաստանում՝ գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան:

ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային շենքերում և բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանը ողջունել են միասնական լուծումներ ենթադրող ծրագրի գաղափարը, առաջարկող կողմի հետ միասին քննարկել որոշ խնդիրներ:

Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:

Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանն առանձին քննարկել են մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքաշինական որոշ խնդիրներ: «Առաջին անգամ՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Ավետիք Էլոյանը, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը: