Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը

28.08.2018
   Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը

Կառավարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի որոշ դրույթներ։

Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կանխավճարին և տարիքային շեմին, ինչպես նաև տոկոսադրույքներին։

Ըստ գերատեսչության տվյալների՝ ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:

Առ 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երևանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 մլրդ 303 մլն ՀՀ դրամ (17 մլրդ 6 մլն ՀՀ դրամ Երևանում, 9 մլրդ 7 մլն՝ ՀՀ մարզերում): Վարկի միջին ժամկետը` 13.5 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 9.6 տոկոս:

Նշվում է նաև, որ ներկայում Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ, ունենալով բնակարան ձեռք բերելու կարիք, ի վիճակի չեն օգտվել գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` ձեռք բերվող բնակարանի համար սահմանված կանխավճարի բարձր արժեքի պատճառով:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է որպես ամուսինների տարիքային գումար դիտարկել ոչ թե 65 տարին, այլ 70-ը։

Բացի այդ, առաջարկվում է փոխել Երևանի և մարզերի համար կանխավճարի չափը․ ներկայում այն կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը, նախարարությունն առաջարկում է այն դարձնել 20 տոկոս։

Այսինքն՝ առաջարկի համաձայն հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը, ընդ որում՝ ոչ ավելի, քան 20 մլն դրամը դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:

 Օրենքի նախագծում ներկայում ամրագրված է, որ հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը։

Այս դրույթն առաջարկվում է փոխել հետևյալ պարբերությամբ․ «Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը»։

Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, ինչը կարող է որոշակիորեն աշխուժացնել շուկան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այս ծրագրին, մասնավորապես ասել է․ «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս և մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7,5 տոկոսնոց հիփոթեքային վարկեր։ Մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը և հույս ունենք ամեն տարի այդ ծավալւ կմեծանա»,- նշեց վարչապետը։

Նյութի աղբյուր՝ www.civilnet.am